“Մեղրի ազատ տնտեսական գոտի” ՓԲԸ

2017թ-ին ՀՀ Սյունիքի մարզի Հայաստան-Իրան սահմանային գոտու հարակից տարածքում ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է Մեղրի ազատ տնտեսական  գոտին, որի միակ բաժնետերն է Համահայկական ֆոնդը: ԱՏԳ-ի ստեղծման նպատակն է լուծել ոչ միայն Սյունիքի մարզի սոցիալ տնտեսական խնդիրները, այլ նաև նպաստել Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանը, ԻԻՀ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ և ԵՄ հետ առկա տնտեսական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: ԱՏԳ-ի մեկնարկը կնպաստի նաև ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը:
ԱՏԳ-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝
1-ին փուլով արդեն իսկ կառուցվել է Մեղրի մաքսային կետի հարակից տարածքը՝ ապահովելով առաջնային ենթակառուցվաքծային տարածքները,
2-րդ փուլով նախատեսվում է գործարկել Մեղրի ազատ տնտեսական գոտին և հետևողականորեն իրականացնել գոտու զարգացման և ընդլայման ռազմավարությունը:
Ներկա պահին իրականացված  ներդրումների ծավալը կազմում է 537 մլն ՀՀ դրամ:
Ի տարբերություն Հայաստանում արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիների` Մեղրի ազատ տնտեսական գոտում ապագա շահագործողների համար գրեթե չկան ոլորտային սահմանափակումներ: Ավելին, տնտեսական գործունեության տեսակներն ընդգրկում են առևտրի, զբոսաշրջության, հյուրանոցային և ժամանցի կազմակերպման ոլորտները: