“Սյունիք ֆուդ” ՓԲԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին ՀՀ Սյունիքի մարզի, Սյունիք համայնքում պահածոների արտադրությամբ զբաղվելու նպատակով, իսկ գործարանի կառուցումը սկսվել է 2015թ-ից: 2016թ-ին որոշակի խնդիրների պատճառով գործարանի կառուցման աշխատանքները դադարել են: Համահայկական ֆոնդի կառավարիչ՝ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, նպատակ ունենալով նպաստելու նախաձեռնած ծրագրի իրագործմանը, որի արդյունքում ավարտին կհասցվի գործարանի շինարարական աշխատանքները, ձեռք կբերվի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներ և գործարանը կհանձնվի շահագործման, ինչը կնպաստի տվյալ տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը և արտահանման խթանմանը՝ 2017թ-ին ձեռք է բերել  ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը և մյուս բաժնետիրոջ հետ համատեղ ջանքերով կյանքի կոչել նախատեսված ծրագիրը՝ 2017թ-ի նոյեմբեր ամսին շահագործման հանձնելով գործարանը, ինչի արդյունքում նախատեսված է աստիճանաբար ստեղծել մինչև 250 աշխատատեղ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ 768 մլն ՀՀ դրամ:
Գործարանի կառուցման և շահագործման հանձնելու ստանձնած առաքելությունն ամբողջությամբ իրականացնելուց հետո 2018թ-ի տարեվերջին Համահայկական ֆոնդին պատկանող բաժնետոմսերը վաճառվել են մասնավոր ներդրողի, որն իր հերթին հայտնել էր պատրաստակամություն բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո իրականացնել համապատասխան ներդրումներ գործարանի ամբողջ ծավալով գործարկման և անխափան աշխատանքի ապահովման համար:
Մասնավոր ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ 2019թ-ի մարտ ամսից գործարանը վերագործարկվել է, ինչի արդյունքում ընկերության արտադրանքը լայն տարածում է գտել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ՝ արտաքին, իսկ աշխատատեղերի թիվը հասնում է մինչև 130-ի: Ընկերությունը հագեցած է ամբողջովին նոր, գերժամանակակից իտալական, ռուսական, դանիական, գերմանական, բելգիական, ճապոնական և  բելառուսական  հոսքագծերով ու սարքավորումներով, ինչն ապահովում է ավտոմատացված և արդյունավետ արտադրական գործընթացը: «Սյունիք Ֆուդ»-ի արտադրանքը 2020թ-ին ՌԴ-ում կայացած հեղինակավոր միջազգային “ProdExpo-2020” ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած մրցույթի ժամանակ նվաճել է 3 ոսկե մեդալ։

Տեսանյութ՝